Աշխարհի առաջիկա առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկներից մեդալ նվաճելու իրական հնարավորություն ունի Անդրանիկ Հակոբյանը, ըստ սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) դասակարգման նոր աղյուսակների: Հակոբյանը 75 կգ քաշայինների ցուցակում զբաղեցնում է 2-րդ տեղը` զիջելով միայն աշխարհի չեմպիոն, ուզբեկ բռնցքամարտիկ Աբաս Աթոեւին: Այս տարի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը: Հայաստանի հավաքականն արդեն իր վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանում: Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը Բաքվում կայանալիք առաջնության հիմնական թեկնածուներ է համարում Հովհաննես Դանիելյանին (49 կգ), Դերենիկ Գիժլարյանին (52 կգ), Հովհաննես Բաչկովին (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանին (60 կգ), Հրաչյա Ջավախյանին (64 կգ), Սամվել Մաթեւոսյանին (69 կգ), Անդրանիկ Հակոբյանին (75 կգ), Արթուր Խաչատրյանին (81 կգ) եւ Արմեն Սիմոնյանին (+91 կգ): Թիմի վերջնական կազմը , սակայն, կճշտվի մեկնելուց մեկ օր առաջ:
|