Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարեւոր եւ սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը եւս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում վետերաններին եւ բոլոր նրանց, ովքեր շարունակում են ծառայել եւ իրենց ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը: 1992թ. հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձեւ ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Հայկական բանակի ձեւավորման առաջին փուլը համարվում է 1988 - 1992թթ., երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ շրջանում երկրի, ինչպես նաեւ ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:
1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:
2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր:
Բանակի օրվան նվիրված միջոցառումները սկսվել են նախօրեին: Հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայկական բանակի 20-ամյակի կապակցությամբ բանակաշինության գործում զգալի ավանդի եւ արիության եւ սահմաններն անձնվիրաբար պաշտպանելու համար ղարաբաղյան շարժման մի շարք մասնակիցների մեդալներ եւ շքանշաններ է շնորհել: Մի քանի զինծառայողների սպայական կոչում է տրվել: Տարբեր աստիճանի շքանշաններ եւ մեդալներ են շնորհվել 70-ից ավելի զինծառայողների, եւ հարյուրից ավելի զինծառայողներ նախագահի անունից մեդալներ եւ պատվոգրեր կստանան զորամասերում: Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ ԶՈՒ գերագույն կազմը, ազատամարտիկները կայցելեն արցախյան պատերազմի հերոսների պանթեոն` «Եռաբլուր», որտեղ ծաղկեպսակներ կդնեն: Նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիսավոր նիստ տեղի կունենա` նվիրված Զինված ուժերի հիմնադրման 20-ամյակին: Նիստի ընթացքում պետական եւ գերատեսչական մրցանակներ կշնորհվեն: 22.00-ին Հայաստանի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը, հրետանային 20 համազարկ կհնչի: News.am
|