Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության օրը: Իսկ Երեւանի համար կրկնակի տոն է. Հայաստանի մայրաքաղաքը դառնում է 2793 տարեկան: Երկրի բարձրագույն ղեկավարությունն առավոտյան կայցելի «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք կմատուցի Արցախյան ազատամարտում զոհվածներին: Հանրապետության հրապարակում ժամը 11-ին մեկնարկելու է զորահանդեսը, որը ներկայացնելու է 20 տարում բանակաշինության արդյունքները: Կազմակերպիչները խոստանում են, որ զորահանդեսը լինելու է խոշորագույնը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում: Շքերթին ներկայացվելու են հայրենական ռազմարդյունաբերության նմուշները, նաեւ օտարերկրյա տարբերակներին չզիջող անօդաչու թռչող սարքերը: Քաղաքի օրվա եւ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Երեւանի բոլոր վարչական շրջաններում տասնյակ միջոցառումներ են լինելու: Մշակութային եւ զվարճանքի միջոցառումներ են լինելու նաեւ արտերկրում: Տոնակատարություններն ավարտվելու են երեկոյան «Հերոսական բալլադով», որը կներկայացնի Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Միջոցառումները կզարդարեն աննախադեպ լազերային շոուն: Իսկ ավելի մեծ էֆեկտի համար Երեւանի կենտրոնում ջրային էկրաններ են դրվելու, բացի այդ ԱԳՆ-ի եւ կառավարության շենքերը կդառնան հսկայական էկրաններ: Տոնակատարությունների գագաթնակետը կդառնա հրավառությունը: Նշենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն հռչակելու հարցով: Մոտ 2 միլիոն 50 հազար մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 94,99 տոկոսը «Այո» ասացին անկախությանը: Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ: Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: News.am